Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չի նպաստի արտագաղթի ավելացմանը, այլ հակառակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսում նշել է ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Նա թվարկել է այն երեք կարեւոր առավելությունները, որոնք ստանալու են Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները։
«ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական։ Ռուսաստանում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացին նույն իրավունքներն են ունենալու։ Ներկայումս, որպեսզի միգրանտը աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, ներկայացնի փաստաթղթեր եւ տուրք վճարի։ ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, ու սա մեծ տնտեսում կլինի»,- նշել է Եգանյանը։
Նրա խոսքով՝ երկրորդ առավելությունն այն է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը եւ նրա ընտանիքի անդամները համարվում են օրինական բնակվողներ։ «Նրանք 3 տարի ազատ կարող են բնակվել այդ երկրում կարող են այդ երկրից դուրս գալ ու մուտք գործել ինչքան ցանկանան»,-ասել է Գագիկ Եգանյանը:
Անդրադառնալով երրորդ առավելությանը նա նշել է, որ ցանկացած անձի ՌԴ մուտք գործելու դեպքում հաշվառման կանգնելու համար տրվելու է ավելի երկար ժամանակ՝ 30 օր, ներկա 7 օրվա փոխարեն:




























