ՌԴ-ի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդի Եվրամիություն-Բելառուս-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման վրա, հայտնում է «Բելտան»՝ մեջբերելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը:

«Մենք նման եռակողմ համագործակցության ուղու սկզբում ենք», - ասել է Բելառուսի նախագահը: Ըստ նրա՝ Ուկրաինայի հարցը քննարկելիս քաղաքական գործիչները խոսում են  ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ երկխոսության մասին: «Մասնավորապես Գերմանիայի, ՌԴ-ի եւ Բելառուսի արտգործնախարարներն արդեն խոսում են այդ մասին: Սա նորմալ ձեւաչափ է:  Սակայն խոսում են գերմանացիների նախաձեռնությամբ: Նշանակում է, որ արդեն ԵՄ քաղաքականությունում էլ կան առաջխաղացումներ», - հավելել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն անախրոնիզմ է համարում ՌԴ դեմ պատժամիջոցները: «Դուք գիտեք, որ Եվրոպան չէ նախաձեռնողը: Եվրոպան դրանից շատ բան է կորցնում: Սակայն երեւում է, որ Եվրոպան դեռ շատ է կախված  ուժերի այլ կենտրոններից», - նշել է նախագահը: Լուկաշենկոն հավելել է, որ չի դրամատիկացնում իրադրությունը՝ կապված պատժամիջոցների հետ:   «Ռուսաստանը դա կհաղթահարի, մենք էլ կհաղթահարենք, բոլորս միասին, արդեն փորձ ունենք»: