Ադրբեջանի իշխանությունները տարբեր կեղծարարությունների են դիմում լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով: Փաստաբան Ֆուադ Աղաեւը «Թուրան» գործակալությանը հայտնել է, որ Միրկադիրովի երկու փաստաբաններին էլ չի թույլատրվել մասնակցել դատական նիստին, որի ժամանակ երկարացրել են ձերբակալության ժամկետը:

«Մեզ խաբեցին՝ ասելով, որ Միրկադիրովը բժշկի մոտ է: Միայն երեկոյան մենք իմացանք, որ ապօրինի դատալսում է անցկացվել՝ առանց փաստաբանների մասնակցության, եւ անհիմն ու անօրինական վճիռ է կայացվել կալանքը երկարաձգելու վերաբերյալ»,- ասել է փաստաբանը:

Դատական նիստը նախագահել է Էմին Իսաեւը, որն անտեսել է այն հանգամանքը, որ կալանքի ժամկետը լրացել է նոյեմբերի 19-ին եւ Ռաուֆ Միրկադիրովին պետք է ազատ արձակեին: Չնայած դրան, ժամկետը լրանալուց երկու օր անց այդ դատավորը կալանքի ժամկետը երկարաձգել է եւս 5 ամսով:

Դատալսման ժամանակ լրագրողը պահանջել է կանչել իր փաստաբաններին կամ հետաձգել նիստը, սակայն նրա պահանջներն անտեսվել են: Դատավորն անտեսել է նաեւ այն, որ Միրկադիրովը հրաժարվել է իրեն տրամադրված պետական փաստաբանից: Դատարանի վճիռը բողոքարկվել է, բացի այդ, փաստաբանները կալանավայրի աշխատակիցներին մեղադրում են խաբեության համար:

«Նման պայմաններում անաչառ հետաքննություն ակնկալելը կամ այդ մասին խոսելը միամտություն կլիներ: Այս բոլոր ամիսների ընթացքում հետաքննությունը լրագրողի լրտեսական գործունեության մասին որեւէ փաստ չի ներկայացրել: Լրագրողն ինքը բազմիցս հայտարարել է, որ դավաճանություն չի կատարել եւ պահանջել է փակել իր դեմ հարուցված գործը»,- ասել է փաստաբանը:

Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 19-ին, Անկարայում, եւ վտարել Բաքու, որտեղ նա ձերբակալվել է՝ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Հետագայում հանրությանն է ներկայացվել տեսագրություն, թե ինչպես է Միրկադիրովը Թբիլիսիի ռեստորաններից մեկում շփվում Հայաստանի իրավապաշտպանների հետ: Ազգային անվտանգության նախարարության տեղեկացմամբ, այդ ձայնագրությունն ադրբեջանական հատուկ ծառայություններին է ուղարկել ոմն «Սամվել»: