Ամերիկացի ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի մասին լսել է մոլորակի բնակչության 60%-ը, բայց միայն 39%-ն է  առցանց պաշտպանության հավելյալ միջոցներ ձեռնարկել, փոխանցում է Gazeta.ru-ն:

Համապատասխան ուսումնասիրությունը, ըստ աղբյուրի, անցկացրել է կանադական նորարարությունների կենտրոնը: Հարցմանը ավելի քան 23 հազար մարդ է մասնակցել 24 երկրներից:

Ըստ հարցման՝ պատասխանողների 62%-ն անհանգստանում է իր առցանց գործունեության հնարավոր վերահսկման մասին, իսկ 61%-ը նույնպիսի մտահոգություն են հայտնում, բայց իրենց երկրի ոստիկանության եւ հատուկ  ծառայությունների հետ կապված:

Ամերիկացիների  77%-ն էլ համամիտ են, որ հասանելի ինտերնետը մարդու հիմնարար իրավունքն է: Նման պատասխան է տվել նաեւ ՉԺՀ-ի, Թունիսի, Նիգերիայի, Ինդոնեզիայի եւ Եգիպտոսի բնակիչների ավելի քան 90%-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում Սնոուդենին Շտուտգարդի մրցանակ են շնորհել՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործունեության բացահայտման ոլորտում: