Թեխասի համալսարանից շուրջ 100 տարա է կորել, որոնցում ֆորմալդեհիդում պահպանվող մարդու ուղեղի նմուշներ են եղել: Ուսումնական հաստատությունը նմուշները սկսել է հավաքել շուրջ 30 տարի առաջ: Օրգանները համալսարան են տեղափոխվել Օստինի պետական հիվանդանոցից: Համարվում էր, որ կրթական հաստատության պատերի ներսում հավաքածուն անվտանգության մեջ կլինի:
Հոգեբանության պրոֆեսոր Թիմ Շալերտը պատմել է, որ գողացված նմուշները պահվում էին հոգեբանության լաբորատորիայում: Հավաքածուի մնացած մասին, որը նկուղում է եղել, ձեռք չեն տվել: Համալսարանի աշխատակիցները կարծում են, որ նմուշները կարող է գողացած լինել ուսանողներից մեկը:
Հավաքածուի գողացված ցուցանմուշներից մեկը Չարլզ Ուիթմենի ուղեղն է, ով հայտնի է որպես «Թեխասի դիպուկահար», ով 1966 թվականի օգոստոսի 1-ին Օստինի ուսանողական ավանում 16 մարդ է գնդակահարել: Դրանից հետո ոստիկանները սպանել են նրան:
Դրանից մեկ օր առաջ նա սպանել է իր կնոջն ու մորը: Մահից առաջ գրված նամակում նա խնդրել է հետազոտել իր ուղեղը: Դիահերձման ժամանակ նրա ուղեղի վրա ուռուցք է հայտնաբերվել: Բժիշկների հաշվետվությունում նշվում է, որ դա կարող էր չվերահսկվող էմոցիաների եւ գործողությունների պատճառ դառնալ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ին:



























