Ինֆլյացիան վերահսկողության տակ է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ ապրանքների թանկացումը հաշվի առնելով՝ ինֆլյացիան չի կարող գերազանցել 4%-ը, քանի որ այժմ այն կազմում է 1,5%: Նկատենք, որ խոսքը ընդհանուր ինֆլյացիայի մասին է, այլ ոչ թե առանձին ապրանքախմբերի:
«Անգամ եթե բոլոր հավանական թանկացումները շարունակվեն, ինֆլյացիան չի գերազանցի 4%, այսինքն կմնա 4 +/- 1,5% նպատակային միջանցքում», - հավելեց Գաբրիելյանը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը նվազել է 16 դրամով՝ մինչեւ 433 դրամ: Դեկտեմբերի 3-ի դրությամբ Կենտրոնական բանկի փոխարժեքով այն թանկացել է մինչեւ 442 դրամ: Որոշ բանկերում վաճառքի փոխարժեքը հասնում է մինչեւ 445 դրամ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-2-ին մի շարք բանկերը կամ դոլար չեն վաճառել, կամ վաճառել են սահմանափակումով:




























