Հիմնական ձախողում կամ անհաջողություն, որ կապված լինի 2014-ից սկզբնավորվելու հետ, չկա, ինչը վատ չէ. թերեւս միայն Հայկ Կյուրեղյանի ցավալի ձերբակալությունն է բացառություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը:

Ինչպիսի՞ն էր 2014թ. Հայաստանի համար՝ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական տեսակետից:

Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական տեսակետից, եթե հակիրճ ասվի, 2014-ը Հայաստանի համար, ցավոք, դժգույն էր ու ճահճացած:

Ըստ Ձեզ՝ որո՞նք էին 2014թ-ի ամենակարեւոր իրադարձությունները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կյանքում:

Ներքին քաղաքականության մեջ 2014-ին կարեւոր իրադարձությունը կամ երեւույթը, թերեւս, այն էր, որ Հայաստանում, 1920 թվականի հանգույն, Ռուսաստանը թույլ փորձ կատարեց մայիսյան ապստամբություն հրահրել, բայց, բարեբախտաբար կամ դժբախտաբար, չհաջողեց. իսկ դրա իրականացման համար հրապարակավ հերթ կանգնողների պակաս չզգացվեց: Սա լուրջ ահազանգ էր: Մի՞թե սահմռկեցուցիչ ահազանգ չէ նաև այն, որ ռուսական տարադրամային ցնցումները նույնությամբ կրկնվում են իբրեւ թե ինքնիշխան Հայաստանում, երբ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, երբ ոչնչացված էին վարչապետը, ԱԺ խոսնակը, պատգամավորներ, Հայաստանում դրամն աչքն իսկ չթարթեց: Իսկ արտաքին քաղաքականություն Հայաստանը չի իրականացնում վաղուց. մեր երկիրը հանձնված է տարբեր հոսանքների մակընթացություններին: Փառք Աստծո, 2014 թվականի արտաքին գլխավոր մարտահրավերը եղավ միայն այն հերթական անպատվությունը, որ մեր ժողովրդի հանդեպ, անցյալ տարվա պես, օրը օրին կրկնեց ՌԴ նախագահը. դեկտեմբերի 2-ին՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի օրը, Թուրքիայում փորձեց այդ երկրին, դարձյալ 1920 թվականի հանգույն, որպես դաշնակից ձեռք բերել Արեւմուտքի դեմ, որի գործարքային մանրադրամը կրկին կարող են հայկական շահերը լինել: Այդ մասին նա չզլացավ մեկ անգամ եւս կրկնել իր ամենամյա ասուլիսում՝ թուրք լրագրողին տված պատասխանում:

Ի՞նչ հիմնական ձախողումներ եւ անհաջողություններ կառանձնացնեք:

Հիմնական ձախողում կամ անհաջողություն, որ կապված լինի 2014-ից սկզբնավորվելու հետ, չկա, ինչը վատ չէ. թերեւս միայն Հայկ Կյուրեղյանի ցավալի ձերբակալությունն է բացառություն: Բայց խայտառակ ձախողում է, որ 2014-ին եւս մեր պետականավարման, մեր աշխարհընկալման առանցքը ՄԱՐԴԸ չդարձավ, ինչի ամոթալի վկայությունն էին աղմկալի սպանությունների հետ կապված զավեշտալի դատավարություններն ու բարձր պաշտոնների նշանակումների ցինիկությունը: Ավելի քան ձախողում է, որ այսօր Հայաստանն ունի քաղկալանավորներ, այն էլ՝ պարոն Շանթ Հարությունյանի պես պայծառ անհատականությունների տեսքով, ավելին՝ մեր երկիրը հայտնվեց կոմունիզմի ամենանողկալի դրսևորման մեջ, երբ, թեկուզ պայմանական, դատապարտեց պարոն Շանթ Հարությունյանի մանկահասակ որդուն: Տոտալիտարիզմի էությունը, մեր պետականության 24-րդ տարում դեռեւս հաղթահարված չէ, եւ չի հաղթահարվի, քանի դեռ չեն բացվել ԿԳԲ-ի արխիվները: Հուսահատեցնող ձախողում են համատարած գավառամտությունն ու զոռբայությունը՝ մի կողմից, եւ ներքին էմիգրանտների ստվար մի շերտի գոյությունն ու այս գաղջ միջավայրից արտագաղթը՝ մյուս կողմից: Ափսոս մեր երկիրը, ափսոս ազգ դառնալու երկնառաք մեր հնարավորությունը:

Արդյոք եղե՞լ են հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Արժեքավոր հաջողություն կարելի է համարել մեր ուղղաթիռի ողբերգական կործանման իրողությունից հետո հայկական բանակի անթերի գործողությունը: Թերեւս հաջողություն է նաեւ այն, որ ռուսական լրագրողի երեւանյան դեմարշից հետո մեր պետական լեզուն շարունակում է մնալ հայերենը:

Ի՞նչ պետք է անել 2015թ, որպեսզի չկրկնվեն նախորդ տարվա սխալները:

Ե՛վ 2015-ի, եւ՛ բոլոր տարիների համար մեր միակ անելիքը, բառի բուն իմաստով, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարելն է, այդ աստվածային ընծայից երես չթեքելը, առուծախի չվերածելը. ընտրություն՝ կենսունակ, համամարդկային, ազգային արժեքների եւ սպառված ու հետադիմական սուբցիվիլիզացիայի միջեւ , ընտրություն՝ դաշնակիցների եւ մեր ազգային շահերի հակառակորդների միջեւ, ընտրություն՝ պետության ու հասարակության նվիրյալ առաջնորդների եւ թերուս թափթփուկների միջեւ, ընտրություն՝ բարու եւ չարի միջեւ:

Ինգա Մարտինյան