10 հուլիսի, Պորտ Եղիսաբեթ, Նելսոն Մանդելա Բեյ ստադիոն

Մրցավար`Բենիտո Արչունդիա (Մեքսիկա)

Մյուլլեր, 19 (0:1), Կավանի, 27 (1:1), Ֆորլան, 51 (2:1), Յանսեն, 56 (1:1), Հեդիրա, 83 (2:3)

Չափազանց հետաքրքիր հանդիպում մատուցեցին Ուրուգվայի եւ Գերմանիայի հավաքականները` աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար: Չնայած հորդառատ անձրեւին ու խոսակցություններին, թե խրախուսական եզրափակիչը չի տրամադրում ֆուտբոլիստներին համառ պայքարի, եւ գերմանացիները, եւ ուրուգվայցիները անհաշտ մրցակցություն ծավալեցին եւ գոլառատ ֆուտբոլ ցուցադրեցին: Բացի այդ ավելի մեծ պետք է լիներ երբեւէ բրոնզե մեդալակիր չդարձած ուրուգվայցիների եւ Դիեգո Ֆորլանի ձգտումը, որը պահպանում էր հնարավորությունը պայքարել մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչման համար: Այդ ամենն իր ազդեցությունը թողեց, սակայն հաղթեցին գերմանացիները:

19-րդ րոպեին հաշիվը բացեց Թոմաս Մյուլլերը, որը առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդն է: Շվայնշտայգերի հարվածից հետո Մուսլերան հետ մղեց, վրա հասած Մյուլլերը չվրիպեց:

Ութ րոպե անց Շվայնշտայգերը կենտրոնում կորցրեց գնդակը եւ ուրուգվայցիները երեքով դուրս եկան երկուսի դեմ, Սուարեսը փոխանցում կատարեց Կավանիին, որն էլ հավասարեցրեց հաշիվը:

Ընդմիջումից հետո գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ Դիեգո Ֆորլանը: Պերեսի փոխանցումից հետո Ֆորլանը մեկ հպումով, ընթացքից գրավեց դարպասը:

Սակայն արդեն հինգ րոպե անց գերմանացիները հավասարեցրին հաշիվը: Սխալվեց Մուսլերան եւ Յանսենը գլխի հարվածով գնդակն ուղարկեց ցանցը:

Իսկ հաղթական գնդակը խփեց Հեդիրան: Հանդիպման ավարտից յոթ րոպե առաջ Գերմանիան ստացավ անկյունայինի իրավունք: Խաղարկումից հետո առավել հաջող գործեց Հեդիրան: Գերմանիան հաղթեց 3:2 հաշվով եւ չորրորդ անգամ հռչակվեց բրոնզե մեդալակիր: