Հոլանդիայի հավաքականի երկրպագուներն իրենց հավաքականի պարտության մեջ մեղադրում են մրցավար Հովարդ Վեբին: Յոհանեսբուրգում հոլանդացի երկրպագուները լքում էին մարզադաշտը ոչ թե պարզապես տխուր, այլ լիակատար դեպրեսիայի մեջ: Եւ իրենց պարտության մեջ պատրաստ էին մեղադրել բոլորին:

Երկրպագուները մրցավարին ուղղակի մեղադրել են կաշառված լինելու մեջ եւ ՖԻՖԱ-ին կոչ են արել զբաղվել նրանով:

Ինչպես հաղորդում է «Վեստին», Ամստերդամում լարված խաղի ընթացքին հետեւում էին 180 հազար երկրպագուներ: Երբ արդեն պարզ էր, որ հնարավոր չէ շահել խաղը, նրանք սկսեցին ցրվել:

Խաղից հետո հոլանդացիների գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկն իր հերթին հայտարարել է, թե Իսպանիան աշխարհում լավագույն թիմն է, եւ նրան հաղթելու համար հոլանդացիները պետք է գերազանցեին իրենք իրենց: «Բայց դա տեղի չունեցավ: Դա նշանակում է, որ չորս տարի անց Կակաչների երկրի ֆուտբոլիստները պետք է ռեւանշ վերցնեն»,- ասել է նա:

«Նարնջագույններն» արդեն երրորդ անգամ են դուրս գալիս աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց վերստին չեն կարողանում հաղթել: