ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված հայկական պետությունը (Արցախը ներառյալ) մինչ օրս լիարժեք կերպով չի կայացել, ինչի պատճառով նրա կյանքի բոլոր ոլորտներում արատավոր շրջանի տրամաբանությամբ հաստատվել եւ հետզհետե խորանում է համակարգային ճգնաժամ, որը բնութագրվում է հետեւյալ հիմնական հատկանիշներով: Այդ մասին ասվում է Հիմնադիր խորհրդարանի ձեւավորման մասին հայտարարության մեջ:
«ժողովրդի իշխանության եւ երկրի տնտեսության մենաշնորհացում, արդարության եւ իրավունքի ոտնահարում, համատարած կոռուպցիա, կառավարիչների բացասական ընտրազատում,
պետական կառույցների (բացի բանակից) նենգափոխում, ինչպես նաեւ դրանց եւ քաղաքական վերնախավի ապազգայնացում ու կամազրկում,
ընտրական մեխանիզմի վերածում կառավարող ռեժիմի լիակատար վերահսկողության տակ գտնվող ու նրա վերարտադրությունն ապահովող գործիքի,
սոցիալական ծայրահեղ բեւեռացում, բարոյահոգեբանական անկում, հասարակության ներքին պառակտում եւ տրոհում, կրթության, գիտության եւ մշակույթի հետընթաց, բնության գիշատչական սպառում,
մարդաթափության չափերի հասնող պարտադրված արտագաղթ, որն ուղեկցվում է առաջին հերթին տղամարդկանց, որակյալ աշխատուժի եւ «ուղեղների» արտահոսքով ու բնակչության աճի դանդաղեցմամբ,
վերագաղութացում (օտար ուժից քաղաքական եւ տնտեսական որոշումների կախվածության աստիճանի աճում) եւ Արցախի ու հայկական պետականության կորստի վտանգ,
պատերազմի (այդ թվում՝ հիբրիդային) հավանականություն եւ դրանով պայմանավորված՝ հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման վտանգ:
Նման արտակարգ իրավիճակում, երբ ժողովրդի կամքը բռնադատված է, իսկ նրա իշխանությունը՝ յուրացված, հայությունը եւ նրա պետության քաղաքացիները կարող են իրենց կամքը դրսեւորել բացառապես ռեժիմի եւ նրա օտար տերերի վերահսկողությանը ենթակա պետական կառավարման համակարգից դուրս ազգային ազատագրական պայքարի ձեւաչափում ժողովրդավարական սկզբունքով քաղաքականապես կազմակերպվելու եւ համապատասխան արտակարգ քայլեր կատարելու միջոցով:
Այդ նպատակով Հիմնադիր խորհրդարանը՝ որպես ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող այլընտրանքային մարմին, այսօրվանից ստանձնում է ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի ստեղծման, ժողովրդավարական պետության ձեւավորման, ՀՀ-ին Արցախի դե-յուրե միավորման եւ երկրի ապագաղութացման անցումային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը:
Նշված խնդիրների լուծման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար Հիմնադիր խորհրդարանը կազմակերպելու է ազատ եւ արդար արտահերթ ընտրություններ, ինչին պետք է նախորդի ռեժիմի հեռացումը եւ կարճաժամկետ անցումային փուլը: Հիմնադիր խորհրդարանը ռեժիմի հեռացումը նախատեսում է իր շուրջը համախմբված ժողովրդի՝ քաղաքացիական անհնազանդության ձեւերով արտահայտվող կամքի պարտադրմամբ: Զուգահեռաբար՝ քաղաքացիների հետ անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով նա ձեռք է բերելու լեգիտիմություն եւ ապահովելու է պետության կառավարումը կարճաժամկետ անցումային փուլում:
Առաջիկա ամիսների ընթացքում Հիմնադիր խորհրդարանը հանդես է գալու որպես «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կառավարման մարմին եւ ռեժիմին հեռացնելու քայլերն սկսելու վերջնաժամկետ է հայտարարում Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ը:
Միեւնույն ժամանակ՝ Հիմնադիր խորհրդարանն ամեն պահի պատրաստ է ազգի եւ պետության առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերների սրացման եւ անկառավարելիության վիճակ առաջանալու պարագայում ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը:




























