Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, որոնք կզաքիսին գամել են սյանն ու «Օբամայից գարշահոտ է փչում» գրառումով ցուցանակ կախել: Դրա վրա նաեւ ԱՄՆ դրոշն է նկարված, աստղերի փոխարեն՝ մուրճ եւ մանգաղ:
Vesti-ի փոխանցմամբ, սյանը գամված կենդանու մասին տեղեկությունը Ֆերֆիլդ քաղաքի ոստիկանությունը ստացել է մարտի 9-ի առավոտյան: Տեղի բնակիչները հաղորդել են, որ հեռախոսասյանը գամված կզաքիս են հայտնաբերել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները սյան տակ եւս մեկ սպանված կզաքիս են հայտնաբերել: Կենդանիների պաշտպաններն արդեն պարգեւ են խոստացել նրանց, ովքեր տեղեկություն կտրամադրեն կենդանիների հետ դաժանաբար վարված մարդկանց մասին:
Ըստ CBS հեռուստաալիքի, ոստիկանությունը դեռեւս չի կարողանում որոշել, թե ինչ որակում պետք է ստանա այս արարքն ու հանցագործների ուղերձը: «Դա ուղղակի սպառնալի՞ք է: Ես նույնիսկ վստահ չեմ, որ սա քողարկված սպառնալիք է: Այս փուլում գաղափար անգամ չունենք, թե այս ամենն ինչ է նշանակում»,- նշել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Պերեսը:
Ոստիկանությունում նշել են, որ ամերիկյան Գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է նախագահի անվտանգության պահպանությամբ, անմիջապես տեղեկացվել է միջադեպի մասին:





























