ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների 2010-ի հունիսի 26-ի հայտարարությունը, որում խոսվում է նաեւ փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի մասին, մեծ հետաքքրքրություն է առաջացրել Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած փախստականների շրջանում: Նրանցից շատերը տարբեր մարմիններին դիմելու հետ մեկտեղ՝ դիմել են նաեւ Միգրացիոն պետական ծառայությանը՝ իմանալու, թե ինչպե՞ս եւ ե՞րբ է կյանքի կոչվելու այդ սկզբունքը, որպեսզի իրենք նույնպես կարողանան իրականացնել վերադարձի իրենց ցանկությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ հայտարարությունը մեծ արձագանք է գտել հատկապես Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանից, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի շրջաններից բռնագաղթածների շրջանում, ովքեր օր առաջ ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը:
«Դրանով է պայմանավորված, որ այդ անձանց մի մասը ինքնակամ, առանց պետութան աջակցության, Հայաստանից մեկնել եւ վերահաստատվել է ԼՂՀ ազատագրված տարածքներում, որպեսզի հնարավորինս մոտ գտնվի իրենց նախկին բնակության վայրերին»,-նշեց Եգանյանը: Նախկին բնակության վայրեր վերադարձով հետաքրքրված են նաեւ Ադրբեջանի քաղաքաբնակ հայ փախստականները, քանի որ երեք գերտերությունների նախագահների հայտարարության մեջ խոսվում է անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրման մասին:
Ասուլիսին ներկա «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանն էլ հավաստիացրեց, որ իրենց կազմակերպությունը, ինչպես նաեւ Ադրբեջանից տեղահանված բազմաթիվ հայեր ժամանակ առաջ դիմել են միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին, ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը, ՄԱԿ-ի փախստակաների գերագույն հանձնակատարին՝ գործնական աջակցություն ցուցաբերել իրենց բնակավայրեր վերադառնալու համար` իհարկե այն ժամանակ, երբ հերթը հասնի ԼՂ խնդրի կարգավորման՝ փախստականների վերադարձի սկզբունքի կյանքի կոչմանը: Պատասխանն ակնկալում են ստանալ մեկ ամսից:
«Եթե վերադառնալու իրավունքի մասին է խոսվում, ապա դրա իրավունքը պետք է ունենան բոլորը, թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ փախստականները»,-ասաց Այվազյանը՝ հավելելով. «Ես պատրաստակամ եմ Հայաստանից Ադրբեջան վերադարձած առաջին հայը լինել եւ օրինակ ծառայել իմ մյուս հայրենակիցներին: Ես պահպանել եմ իմ՝ Ադրբեջանի քաղաքացիությունը, եւ կարծում եմ, որ այդ պետությունն առանց հայության լիարժեք կայացած պետություն լինել չի կարող»: «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը միաժամանակ խորհուրդ տվեց այն մարդկանց, ովքեր ապօրինաբար զբաղեցրել են ադրբեջանահայերի բնակարանները՝ լքել այդ ունեցվածքն ու բարոյական փոխհատուցում տալ: «Ադրբեջանի թե՛ բարձրագույն ղեկավարությունը, թե՛ շարքային բնակչությունը պետք է իմանա, որ մենք պատրաստվում ենք վերադառնալ եւ վերատիրել մեր ունեցվածքին»,-ընդգծեց Այվազյանը: Նա, ի դեպ, Բաքվում ունի մոտ 500 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք, բնակարան, որը վաճառված չէ:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից վարած էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում կես միլիոն հայեր ստիպված եղան տարհանվել իրենց մշտական բնակության վայրերից: Նրանցից 408 հազարը բռնագաղթեցին Հայաստան, ընդ որում 18 հազարը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանից, 14 հազարը՝ Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանից եւ 16 հազարը՝ Ադրբեջանի կողմից ԼՀՂ Մարտակերտի շրջանի բռնազավթված հայկական բնակավայրերից:




























