Մարտի 22-ին Լեսթեր քաղաքում մեկնարկել են Անգլիայի Ռիչարդ III թագավորի մասունքների վերահուղարկավորմանը նախորդող հանդիսավոր արարողությունները:
Լեսթերի համալսարանում գիտնականների, հնագետների եւ թագավորի ազգականների մասնակցությամբ անցկացված կարճատեւ արարողությունից հետո միապետի դագաղով շարասյունն ուղեւորվել է շրջագայության այն վայրերով, որոնք կապված են Ռիչարդ III-ի կենսագրության հետ: Իսկ մարտի 26-ին թագավորի մասունքները կտանեն լեսթերյան տաճար:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, XV դարում շուրջ երկու տարի Անգլիան ղեկավարած թագավորի կմախքը հնագետները հայտնաբերել են 2012 թվականին, քաղաքային ավտոկայանատեղիներից մեկի տակ գտնվող հնագույն վանական դամբարանում: Ռիչարդ III-ը մահացել է 1485 թվականին, Բոսվորտի ճակատամարտում:
Երբ գիտնականները բավականաչափ վստահությամբ հայտարարել են, որ մասունքները Ռիչարդ III-ինն են, Լեսթերի քաղաքապետը նշել է, որ թագավորին կվերահուղարկավորեն քաղաքային աբբայությունում:





























