Հայաստանի խորհրդարանը դատապարտել է հույների ու ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում: Համապատասխան բանաձեւի նախագիծը կազմել են ԱԺ բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ անկախ պատգամավորները: Բանաձեւն ընդունվել է 117 կողմ ձայներով, դեմ եւ ձեռնպահ չի եղել: Փաստաթուղթն ընդունվել է ծափահարություններով, բոլորը ոտքի են կանգնել:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանը բանաձեւերի է ընդունում միայն առանձնահատուկ դեպքերում. 1995 թվականից ի վեր ընդունվել է միայն 4 բանաձեւ:
Բանաձեւում ասվում է.
«Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 (1) բանաձեւով եւ 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաեւ 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան կայսրությունում իրականացրած հույների եւ ասորիների ցեղասպանությունը»։





























