ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ի մոտ իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող նաիրիտցիներին խոստացան օգնել աշխատավարձերը ստանալու հարցում: Նրանք խոստացան խմբակցության անունից նամակ գրել վարչապետին եւ ԱԺ-ում շարունակել բարձրացնել «Նաիրիտի» հարցը:
«Իշխանությունները խելոք օգտագործում են իրենց միջոցները, ձեզ խմբերի են բաժանում՝ ոմանց խոստումներ տալով, ոմանց կաշառելով, ոմանց էլ վախեցնելով։ Ձեր միակ թշնամին բաժան-բաժան լինելն է, խորհուրդ եմ տալիս միասնական լինել, միայն այդ կերպ ձեր խնդիրը կլուծվի»,-հավաքված նաիրիտցիներին ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, որ քիչ անց նաիրիտցիներին են մոտենալու ԱԺ «Ժառանգություն» եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























