«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս եկած պատգամավորների մասով վերանայումներ կարվեն միայն միջխորհրդարանական պատվիրակություններում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ միջխորհրդարանական բարեկամական խմբերից, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ից դուրս եկածներին չեն հանի:

Այսպես, օրինակ՝ ԲՀԿ-ից դուրս եկած Արագած Ախոյանը ստիպված կլինի դուրս գալ նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմից: Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, ստիպված կլինի դուրս գալ ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական, ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կազմից: ԲՀԿ-ից դուրս եկածներից Ռուստամ Գասպարյանն էլ իր տեղը կզիջի ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում: ԲՀԿ-ից դուրս գալու դեպքում Տիգրան Ուրիխանյանը կզրկվի մի քանի կառույցներում հանդես գալու հնարավորությունից, օրինակ՝Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողով, Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով: ԲՀԿ-ից դուրս եկած մյուս պատգամավորներն ընդգրկված են մի քանի բարեկամական խմբերում, հետեւաբար՝ առայժմ նրանց ոչինչ չի սպառնում:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ եթե կուսակցությունից դուրս եկած պատգամավորը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություն ունի կուսակցության քաղաքական գծի հետ, բայց շարունակում է կուսակցության անունից մնալ լրջագույն, միջազգային կառույցներում,  գտնում եմ, որ այստեղ խնդիր կա: «Բոլոր լրջագույն պատվիրակությունների կազմում առաջիկայում մենք անելու ենք վերանայումներ եւ այն պատգամավորները, ովքեր կուսակցությունից դուրս են եկել՝ անհամաձայնություն ունենալով կուսակցության գծի հետ, բնականաբար իրենց տեղը զիջելու են, որովհետեւ առնվազն անհասականալի կլինի, որ ԲՀԿ-ն քաղաքական պատասխանատվություն կրի ԲՀԿ անդամ չհանդիսացող այս կամ այն պատգամավորի միջազգային որեւէ կառույցում արած հայտարարության համար,, դա թե բարոյական, թե քաղաքական առումով ճիշտ եւ գրագետ քայլ կլինի: Ինչո՞ւ պետք է  մենք ամեն անգամ մտավախություն ունենանք, որ այս կամ այն պատգամավորի պատճառով կուսակցությունը կարող է հայտնվել ոչ շահեկան վիճակում: Երբ կգա պահն անդրադառնալու պատվիրակությունները վերանայելու խնդրին, մենք այդ քննարկմանը կհրավիրենք նաեւ կուսակցությունից դուրս եկած նշյալ պատգամավորներին, եւ կփորձենք հասկանալ, թե ինչպես են իրենք պատկերացնում իրենց աշխատանքը միջազգային այս կամ այն կարեւոր ամբիոնում ԲՀԿ-ի քվոտայով՝ չլինելով ԲՀԿ անդամ եւ չկիսելով ԲՀԿ տեսակետներն ու դիրքորոշումները»,-նշել է նա: