Ռուսաստանում օղու նվազագույն մանրածախ գնի իջեցումը չպետք է հարված հասցնի կոնյակի սպառմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ալկոհոլի դաշնային եւ տարածաշրջանային շուկաների հետազոտության կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը՝ մեկնաբանելով Ռուսաստանում 2015 թվականի փետրվարի 1-ից օղու նվազագույն մանրածախ գնի իջեցման մասին որոշումը: Մասնավորապես, կես լիտր օղու համար նվազագույն մանրածախ թույլատրելի գինը 220-ից հասցվել է 185 ռուբլու:

Արդյո՞ք ռուսաստանցի սպառողների մի մասը կարող է գնի պատճառով կոնյակից անցնել օղու: Այս հարցին ի պատասխան փորձագետը նշեց, որ նման չափազանց էժան օղի նախ պետք է արտադրվի, եւ հետո միայն զանգվածային դառնա: Իսկ դա պատկերացնելը դժվար է՝ հաշվի առնելով, որ բացի նվազագույն մանրածախ 185 ռուբլուց, նաեւ այլ գին կա՝ գործարանային (162 ռուբլուց ոչ պակաս):

«Ոչ մի նորմալ կոմերցիոն կազմակերպություն 23 ռուբլու շահույթի համար չի աշխատի: Եթե խանութը գործարանային չէ, ապա չեմ հասկանում, թե ինչպես կարող է նման գնով աշխատել: Նման բան կարող է լինել ակցիաների եւ զեղչերի պարագայում, սակայն, ամեն դեպքում, յուրաքանչյուր նման դեպք հարկավոր է խստագույնս ստուգել եւ վերստուգել»,- հայտարարեց Դրոբիզը:

Բացի այդ, ըստ նրա, օղու գնի նվազումը չի ազդի կոնյակի սպառման վրա, քանի որ կոնյակ սպառողների սոցիալական ենթատեքստը բոլորովին այլ է. դա բարձրակարգ խմիչք է, այլ ոչ թե «էժան եւ բարկացած» ձեւով կենցաղային խնդիրներից շեղվելու միջոց:

Հարցին, թե ինչի հետ է կապված այն, որ կոնյակի եւ բրենդիի նվազագույն մանրածախ գինը չի փոխվել (համապատասխանաբար, 322 եւ 293 ռուբլի՝ կես լիտրի դիմաց), Դրոբիզը պատասխանեց. «Պատճառը նույնն է: Ի տարբերություն օղու, կոնյակը նախատեսված չէ բնակչության աղքատ եւ շատ աղքատ շերտերի համար: Այդ պատճառով դրա գինը նվազեցնելն իմաստ չունի»: