ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյանի ԲՀԿ-ից դուրս գալու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանելով լուրերը, թե Ծառուկյանը չի ցանկանում իր շքեղ աշխատասենյակը զիջել ԲՀԿ նոր ղեկավարին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրեն հոգնեցրել են նման էժանագին խոսակցությունները, այդ սենյակը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օրինական աշխատասենյակն է: Նա նշեց, որ թե ինքը, թե խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ունեն բավականին հարմարավետ աշխատասենյակներ եւ լրացուցիչ աշխատասենյակի կարիք չունեն:
«Գագիկ Ծառուկյանի անունը փակցված է այնտեղ, որտեղ եւ պետք է փակցված լիներ՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օրինական աշխատասենյակում, խնդրում եմ այստեղ եւս չփորձեք ինտրիգներ եւ սենացիաներ փնտրել»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:
Հարցին, թե միջազգային պատվիրակությունների կազմը վերանայելիս եւ ԲՀԿ անդամ չհանդիսացող, բայց այդտեղ ԲՀԿ քվոտայով անձանց հանելիս արդյոք այդ որոշումը կվերաբերի նաեւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում ընդգրկված Գագիկ Ծառուկյանին, նա պատասխանեց, որ այդ որոշումը չի վերաբերելու Գագիկ Ծառուկյանին: «Կարծում եմ բոլորի համար պարզ եւ հասկանալի պիտի լինի, որ Գագիկ Ծառուկյանի դեպքը բացառիկ է, նա ԲՀԿ հիմնադիր նախագահն է, ինքը կորոշի՝ ցանկանում է մնալ այդ հանձնոժողովում, թե ոչ: Կուսակցությունը միանշանակ կհարգի նրա որոշումը, մնացած բոլորի դեպքերում վերանայումներ անպայման կարվեն»:





























