Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող բոլոր կասկածյալների ԴՆԹ-ները կուղարկեն մոլեկուլյար փորձաքննության, գրում է «Ռոսբալտ»-ը։
Նրանցից վերցրած նմուշները կհամեմատեն այն նմուշների հետ, որոնք հայտնաբերվել էին «ԶԱԶ Սենս» մեքենայում։ Նշենք, որ հանցագործները սպանությունն իրագործելիս օգտվել էին հենց այս մեքենայից։
Տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փորձաքննությունը կարող է ապացուցել, թե մեղադրյալներից ով է օգնել Բեսլան Շավանովին, որը հիմնականում հետեւել է Նեմցովին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեղադրյալ Զաուր Դադաեւը սպանության օրը հետեւել է Նեմցովին, իսկ Գուբաշեւն ու Շավանովը հսկողություն են իրականացրել տարածքում խմբի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Դադաեւը, 6 անգամ կրակելով Նեմցովի վրա, նստել էր Գուբաշեւի «ԶԱԶ Սենս» մեքենան եւ դեպքի վայրից դիմել փախուստի։





























