Մարտի 12-ին տեղի է ունեցել միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդակցություն ՀՀԿ նախագահի եւ «Ժառանգության» վարչության երկու անդամների միջեւ։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ ստեղծված լարվածությանը։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ինքն անձամբ նման հանդիպման չէր գնա, սակայն իրենց կուսակցությունում առկա է ծայրահեղացված ազատություն։
«Իմ բացակայությամբ լիազորությունները դրված էին Արմեն Մարտիրոսյանի վրա։ Ես հանդիպման հնարավորության մասին իմացել եմ, բայց հանդիպման մասին իմացել եմ միայն կայանալուց հետո։ Իհարկե, իմ բացակայությամբ եղել են մեթոդաբանական սխալներ, ոչ կշռադատված քայլեր։ Եղել է ներքին վեճ, որն այսօր դարձել է բաց վեճ»,- նշեց կուսակցության առաջնորդը։
Նա հայտնեց նաեւ, որ ինքը որեւէ առաջարկ Սերժ Սարգսյանից չի ստացել, ինչն էլ ապացուցում է՝ սա ոչ պաշտոնական հանդիպում է եղել։
Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժառանգության» կուսակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը մարտի 12-ին հանդիպել են Սերժ Սարգսյանին։ Հանդիպումից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք նախապես որոշել են չգնալ նախագահի հետ հանդիպմանը։ Մինչդեռ Արմեն Մարտիրոսյանը հակառակն է պնդում։ Մարտի 20-ին էլ Ազատության հրապարակում Փոստանջյանն ու Մարտիրոսյանն իրարից բավականին հեռու էին կանգնած։





























