Հայաստանը պետք է հարգի Ռուսաստանի շահերը, սակայն մենք առաջին հերթին պետք է առաջնորդվենք մեր երկրի շահերով։ Այս մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության Մկրտիչ Մինասյանը։
Հարցին, թե ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այս պահին հայտարարեց, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը խնդիր է, եւ սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքից, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Քաղաքականություն իրականացնող մարդն ինքն է որոշում իր հայտարարությունների համար պատշաճ ժամանակը։ Մենք բոլորս գիտենք, որ կան բաներ, որոնք պետք է ասել այն ժամանակ, երբ դրանք կարող են հատկապես մեծ ազդեցություն ունենալ»։
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանն ամբողջովին ուսումնասիրել է հարցը եւ գիտի, ինչու հենց այս պահին էր պետք անել այդ հայտարարությունը։ «Իհարկե, այդ հայտարարությունը ճիշտ քայլ էր»,- ընդգծեց Մկրտիչ Մինասյանը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Երեւանում «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նախագահն այն հանգամանքին, որ նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ դա խնդիր է, որը պետք է լուծում ստանա։





























