ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների միջազգային գործերով ենթահանձնաժողովում քննարկվել է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության չափը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգտոնում:
Քննարկմանը հանդես են եկել Միացյալ Նահանգների հայկական երկու խոշոր կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարման հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը: Երկուսն էլ կոչ արեցին կոնգրեսականներին ավելացնել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը մինչեւ 40 միլիոն դոլար Հայաստանին եւ մինչեւ 5 միլիոն դոլար ԼՂՀ-ին:
Բրայան Արդունիի խոսքով, Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի լույսի ներքո՝ Հայաստանի դերը Միացյալ Նահանգների համար ավելի է մեծանում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն իր հերթին հիշեցրեց, որ Երեւանն ակտիվ մասնակցություն ունի ԱՄՆ-ի բազմաթիվ ծրագրերում.
«Հայաստանը աշխարհի ռազմավարական կարեւորագույն տարածաշրջանում գտնվող լուրջ գործընկեր է, որը շարունակաբար աջակցել է ամերիկյան գործողություններին՝ խաղաղարարներ ուղարկելով Աֆղանստան, Իրաք եւ Կոսովո եւ համագործակցել ԱՄՆ-ի հետ անվտանգության խնդիրների լայն շրջանակով»:
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ չնայած դժվարություններին եւ շրջափակմանը՝ Հայաստանը բարձր ցուցանիշներ է գրանցել գործարար միջավայրի ստեղծման եւ բարեփոխումների իրականացման ոլորտում: Բացի այդ, 2014-ին Հայաստանը մեծ թվով փախստականներ է ընդունել Սիրիայից եւ օգնության կարիք ունի՝ սիրիահայերին պատշաճ աջակցություն տրամադրելու գործում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնությանը` երկու կազմակերպությունների ներկայացուցիչն էլ խնդրեցին Ադրբեջանին որեւէ օգնություն չտրամադրել` սահմանին իրավիճակը լարելու եւ սպանություններ կազմակերպելու պատճառով:
«Ղարաբաղին հատկացվելիք 5 միլիոն դոլարը մեծ գումար չէ, սակայն այն թույլ կտա լուրջ դրական փոփոխություններ իրականացնել՝ այդ թվում ականազերծման աշխատանքներ, եւ ջրի մաքրման կայանների տեղադրում», - ասաց Արդունին:
Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հիշեցրեցին նաեւ երկկողմ սերտ հարաբերությունների երկարատեւ պատմության մասին:
«Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարերի պատմություն եւ սկսվել են դեռ 17-րդ դարի սկզբին, երբ մի խումբ հայեր այստեղ են տեղափոխվեցին: Այն օրերից ի վեր Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն անընդհատ զարգացել են», - նշեց Քեյթ Նահապետյանը:





























