«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ է սկսելու: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողներին ասաց ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է շարժումը պատկերացնում իշխանափոխությունը։
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները կդիմեն բռնի գործողությունների, եթե իշխանությունները զենք գործադրեն»,-ասել է նա:

«Նոր գյուտեր չեն լինելու, միայն ու միայն ժողովրդի կամքի պարտադրմամբ կարող է լինել իշխանափոխությունը։ Մենք խաղաղ բնույթով ենք դա անելու։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու քաղաքի որեւէ մասում։ Կարծում եմ՝ օրեցօր հոսքը կավելանա։ Խոսքը շուրջօրյա հանրահավաքների մասին է։ Մենք կվերադառնանք տուն, երբ ռեժիմը կհեռանա, իսկ դա կլինի օրերի ընթացքում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ այս պարագայում իշխանությունն ունի երկու տարբերակ՝ կամ լեզու գտնել շարժման առաջնորդների հետ, կամ ճնշել մասնակիցներին։

«Մենք միշտ ասել ենք, որ եթե նրանք համարձակվեն բռնի ուժ կիրառել, ապա կստանան բռնի պատասխան։ Ժողովուրդը կարող է եւ պետք է ինքնապաշտպանվի»,- նշեց Սեֆիլյանը։

Նա համոզված է, որ շուտով իշխանափոխություն է լինելու, որից հետո տնտեսական զարգացում կլինի, օլիգարխները պատասխան կտան երկիրը թալանելու համար։