Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կառավարման համար ՀՀ ՊՆ կառույցում ստեղծվել է պետական ոչ առեւտրային կազմակերպություն։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 26-ին կայացած Կառավարության նիստում։ Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ծիծեռնակաբերդի զբոսայգու մարզահամերգային համալիրը՝ օժանդակ կառույցներով, պետք է հանձնվի պետական կազմակերպության իրավասությանը։
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը հանձնվել էր պետության իրավասությանը հարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով։ Համալիրը 5 անգամ աճուրդի է հանվել։ Գնորդների բացակայության պատճառով օգոստոսի 21-ին համալիրը հանձնվել էր ՊՆ իրավասությանը 10.4 մլրդ դրամ բալանսային արժեքով։ Ավելի վաղ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունը կփորձի ազատել Պաշտպանության նախարարությանը ոչ պրոֆիլային ակտիվից եւ համալիրը հանձնել մասնագիտացված կառավարող ընկերության։





























