Հայ առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հայտարարությունը, թե ապրիլի 23-ին Թուրքիայում հայկական եկեղեցիների զանգերը չեն ղողանջի, վախկոտության դրսեւորում է։ Այս մասին մարտի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը:

Նրա խոսքով՝ Դերսիմի հայերը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ «Դրանք այն մարդիկ են, որոնց Աթեշյանը հայ չի համարում։ Արամ Աթեշյանի հիշյալ հայտարարությունը լուրջ քաղաքական սխալ էր։ Եվ դա այն դեպքում, երբ մեծ քանակությամբ թուրք մտավորականներ մտադիր են հարգել Հայոց ցեղասպանության հիշատակը հենց Թուրքիայում»,- հավելեց Ալվրցյանը։

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը բոլոր հայկական եկեղեցիներին հանձնարարել էր ապրիլի 23-ին կրոնի եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակի պատարագ մատուցել։ Ապրիլի 23-ին ժամը 19։15 աշխարհի բոլոր  հայկական եկեղեցիներում զանգերը 100 անգամ կղողանջեն։ Սակայն Թուրքիան չի մասնակցի այդ միջոցառմանը։

Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին միջոցառում կանցկացվի, սակայն ապրիլի 23-ին Թուրքիայի  հայկական եկեղեցիների զանգերը չեն ղողանջի։ Նա նաեւ հիշեցրել էր, որ ապրիլի 22-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում կկայանա Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն։