«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին եռակի սպանության գործով ձերբակալված «Ծգլ» մականունով 29-ամյա Սարգիս Գրիգորյանը քիչ առաջ կալանավորվել է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այժմ քննում է նույն գործով մյուս երկու ձերբակալվածների՝ «Տլե»-ին եւ «Գաստիկ»-ին կալանավորելու միջնորդությունները:

Երեք մեղադրյալների փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ նոր են ներգրավվել գործի շրջանակներում: Այս պահի դրությամբ դատարանը քննարկում է Տլեի խափանման միջոցի հարցը: Փաստաբանը նշեց, որ խափանման միջոցի հարցով դատարանին միջնորդել է գրավ կիրառել:

Հիշեցնենք, որ նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:

Եվս 5 անձինք ավելի վաղ էին ձերբակալվել։