Հայաստանի այն բնակիչներին, որոնք չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ապահովել Հայաստանում:

«Կփորձենք նրանց ներգրավել սեզոնային զբաղվածության ծրագրերում: Դրանք կարող են լինել նաեւ հասարակական աշխատանքներ, եւ մի շարք նպատակային ծրագրեր»,-ԱԺ-ում հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնել էր, որ ռիսկի խմբում են Հայաստանի մոտ 50-60 հազար քաղաքացիներ, որոնք խախտել են ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջները եւ հիմա նրանց մուտքը ՌԴ տարածք արգելված է:

Այդուհանդերձ, փետրվարի վերջին նրանց՝ ՌԴ մուտք գործելու արգելքը հանելու դիմումները քննվում են արագացված կարգով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների միջեւ պայմանավորվածությունների համաձայն: