Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ ընկերությունը ավարտել է բաժնետոմսերի նոր թողարկման վաճառքը Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ)։ Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ՝ թողարկվել եւ ՄՖԿ-ին է վաճառվել ընկերության 2 478 661 սովորական բաժնետոմսերը՝ 0,55 կանադական դոլար մեկ բաժնետոմսի դիմաց գնով:
Համախառն ընդհանուր հասույթը վաճառքից կազմել է 1 միլիոն 363 հազար 264 կանադական դոլար (շուրջ 1.1 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերությունը ՄՖԿ-ի ներդրումից ստացված հասույթը կօգտագործի Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի իր ծրագիրը շարունակելու նպատակով:
Տեղաբաշխումն իրականացվել է ՄՖԿ-ի կողմից նախօրոք հայտարարված՝ սովորական բաժնետոմսերի իր համամասնական բաժինը (2015թ. փետրվարին ավարտված` 30 000 000 սովորական բաժնետոմսերի թողարկման գործարքի ֆինանսավորման համաձայն) գնելու նախապատվության իրավունքի շրջանակներում:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նույնպես նախապատվության իրավունք ուներ, որը նախընտրեց չօգտագործել: ՄՖԿ-ն եւ ՎԶԵԲ-ը կշարունակեն պահպանել ընկերությունում մասնակցության իրենց մասնաբաժինը՝ ընկերության կողմից լրացուցիչ արժեթղթերի թողարկման դեպքում:




























