Եմենի մայրաքաղաք Սանաից հյուսիս Բանի Հաշիշի շրջանում հուսիները խոցել են Արաբական կոալիցիայի օդանավը: Սուդանցի օդաչուն ձերբակալվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հուսիների դեմ ուղղված Սաուդյան օդուժի գործողությունը Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի եւ ԱՄԷ-ի ավիացիայի աջակցությամբ, սկսվել է մարտի 26-ին եւ կրում է «Վճռականության փոթորիկ» անվանումը: Հուսիներին աջակցում է Իրանը:

Արաբական կոալիցիային են միացել նաեւ Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը եւ Սուդանը:

Եմենում ռազմական միջամտության նպատակ է հռչակված օրինական իշխանության վերականգնումը՝ նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիի գլխավորությամբ: Պաշտոնատար անձինք հասկացնել են տվել, որ Սաուդյան Արաբիան եւ նրա դաշնակիցները մտադիր չեն մոտ ժամանակներս ցամաքային գործողություններ իրականացնել:

«Վճռականության փոթորիկ» գործողությանը, ռազմական փորձագետների հաշվարկներով, կարող են մասնակցել 179 ռազմական օդանավեր: