Եվրասիական ինտեգրումը զգալի օգնություն է Հայաստանին սպառազինությունների պարտադրված մրցավազքում: Այս մասին մարտի 28-ին Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Սպառազինությունների մրցավազք է սկսվել, չեմ նշի, թե ում կողմից: Արդյունքում Հայաստանը ստիպված է իր տնտեսական զարգացման ներուժի մի մասը վատնել այդ մրցավազքին մասնակցելու համար»,- հայտարարեց նա:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից առավելությունները երկար չեն սպասեցնի, չնայած պետք չէ նաեւ դրանք հենց վաղն ակնկալել:
«Մենք անջատիչ չունենք, որով հնարավոր է միանգամից հնից դեպի նորին անցնել եւ ամեն ինչ հարթել: Դա հսկայական աշխատանք է՝ ամիսների եւ տարիների, այդ թվում՝ օրենսդիրների շրջանում: Սակայն ակնհայտ է, որ արդեն գոյություն ունեցող եւ մշակվող հիմքի վրա նորանոր տնտեսական նախագծեր են իրականացվելու: Բելառուսի եւ Ղազախստանի հետ դրանք արդեն կան, եւ արդեն գոյություն ունեցողներին կավելանան նաեւ Հայաստանի հետ»,- հայտարարեց ռուսաստանցի պատգամավորը:




























