Քրիստոնեական Եվրոպան մոռացել է իր հավատակից եղբայրների Ցեղասպանության մասին, եւ հիմա նույնը կրկնվում է նաեւ Մերձավոր Արեւելքում: «Ապրիլի 24. Աղոթք հայերի համար» վերնագրով հոդվածում այս մասին գրել է իտալական «Avvenire» պարբերականը: Հոդվածում նշվում է.

«Քրիստոսի տառապանքները չեն ավարտվել, այլ շարունակվում են նրա հետեւորդների մոտ: Այդպես պատահեց XX դարում, նույնը կրկնվում է XXI դարում: Արեւելքի քրիստոնյաների հետ համերաշխությունը պետք է հաստատի, որ քրիստոնեությունը չպետք է մեր՝ արեւմտյան աշխարհի սահմաններից այն կողմ ամենուր ջնջվի: Մենք չենք սիրում վերադառնալ քրիստոնյաների մարտիրոսությանը: Եվ նման մոռացությունը XX դարում հաճախ է քնեցրեց խիղճը:

XX դարը սկսվեց Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին քրիստոնյաների զանգվածային սպանություններով: Այդ 100-րդ տարելիցը ոչ միայն հայ եկեղեցու ողբերգությունն է: Դա բոլորին է վերաբերում, քանի որ, ինչպես Հովհաննես Պողոս II Պապն էր ուսուցանում, նահատակների արյան առջեւ բոլոր քրիստոնյաները միասնական են: Տարբեր եկեղեցիներ պետք է հիշատակեն այդ մասին, գոնե իրենց աղոթքներում:

Չէ՞ որ քրիստոնյաները, որոնց այսօր սպանում են Մերձավոր Արեւելքում, 1915 թվականին սպանվածների հավատակից եղբայրներն են: Նրանց թվում են Մարդինի հայ կաթոլիկ եպիսկոպոսը, Իգնատիոս Մալոյանը: Իսկ նահատակների մեծ մասն անանուն են մնացել: Տեղին կլիներ, եթե մեր եկեղեցու հոգեւոր սպասավորները հիշեին նրանց մասին, հատկապես, երբ 100-ամյա վաղեմության հանցագործությունը կրկնվում է:

Այս պատմությունը ոչ միայն թուրք-հայկական է: 1915 թվականին սպանում էին բոլոր քրիստոնյաներին: Հիմնականում՝ առաքելականներին, բայց եւ կաթոլիկ հայերին, ուղղափառ սիրիացիներին եւ կաթոլիկներին, ասորիներին, եւ նույնպես հռոմեական կաթոլիկներին եւ բողոքականներին:

Իհարկե, նաեւ մահմեդականներ են եղել, որոնք փորձել են փրկել քրիստոնյաների կյանքը՝ կորցնելով սեփականը: Բայց եւ սարսափելի կոտորած է եղել: Եվ բազմաթիվ քրիստոնյաներ, հատկապես՝ կանայք, կարող էին մահմեդականություն ընդունել՝ իրենց կյանքը փրկելու համար: Բայց դա չէին անում եւ զոհվում էին:

Չափազանց շատ է փոշոտվել այդ հիշողությունը: Նոր դար է սկսվել, եւ սպիացող վերքերից նորից արյուն է հոսում: Հետապնդում են Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին:

Ցեղասպանության տարելիցի ժամանակ քրիստոնեական համայնքների հիշատակին աղոթքը կարեւոր նշան է այս դժվարին օրերում»: