Հայոց ցեղասպանության ընդունման եւ ճանաչման հարցը ռազմավարական նշանակություն ունի։ Այստեղ խնդիրը մեր իրավունքների վերականգման մեջ է։ Այս մասին ապրիլի 2-ին «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի հայրենազրկումը դատապարտումը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի հայրենազրկումը դատապարտումը» օրինագծի իրատեսությանը՝ «Ժառանգության» առաջնորդը նշեց. «Ամենաանհեթեթն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան «բռնազավթում» բառն օգտագործում են միջազգային հարթակներում՝ նկատի ունենալով Հայաստանին։ Սակայն մենք իրավունք ունենք խոսել  թուրքական եւ ադրբեջանական բռնազավթումից ոչ թե որպես դրան պատասխան, այլ որպեսզի ասենք, որ մենք հայրենիք ունենալու իրավունք ունենք։ Եվ այդ նպատակը մենք պետք է հետապնդենք բոլոր հնարավոր ճանապարհներով՝ հրապարակային, վերլուծական եւ ինչու ոչ օրենսդրական»։