Երեւանի Նուբարաշեն թաղամասում 2014թ.-ի հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ ավելի քան 9 ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո ոստիկանություն ներկայացած՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ իր պաշտպանյալին առերեսումներ են սպասվում ինչպես տուժողի, այնպես էլ իր դեմ ցուցմունք տված անձանց հետ:

«Այս շաբաթ պետք է առերեսումների կանչեր քննիչը, սակայն չկանչեց: Հիմա սպասում ենք: Նախաքննության ավարտի մասին էլ վաղ է խոսելը, քանի որ քննչական գործողություններ կան»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: