Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ անցած տարվա օգոստոսի 18-ի գիշերը կրակած 43-ամյա Արթուր Միրզոյանին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն ապրիլի 2-ին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբանը՝ Գեորգի Շատվորյանը:

«Մենք վճռի հետ համաձայն չենք եւ պատրաստվում ենք բողոքարկել դատավճիռը: Արթուր Միրզոյանն այդ քայլին գնացել է, որովհետեւ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ Արթուրն էլ ցանկանում էր այս կերպ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կատարվածին»,- ասաց Գեորգի Շատվորյանը:

Նշենք, որ Արթուր Միրզոյանը ՌԴ քաղաքացի է, բնակվել է Տուլայի մարզում, «Դոբրի լես» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է:

Ավելի վաղ «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը հաղորդել էր, որ օգոստոսի 18-ի գիշերը, 43-ամյա Արթուր Միրզոյանը վերցրել է որսորդական հրացանը եւ երկու անգամ կրակել Թուրքիայի Հանրապետության զինանշանի ուղղությամբ: ժամեր անց Արթուր Միրզոյանին ձերբակալել են: Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել: