Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մարտի 19-ին եւ 20-ին Երեւանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությունում կեղծ հաղորդումներ էր ստացվել՝ Երեւանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքներում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որի վերաբերյալ նյութերն ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։
Պարզվել է, որ անձնական խնդիրները լուծելու նպատակով մարտի 19-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երեւանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երեւանի բնակիչ Արամ Հայրյանը:
Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ երկրորդ կուրսի մի ուսանող, ունենալով ցածր առաջադիմություն, գտնվել է համալսարանում ուսումնառությունից ազատվելու շեմին։ Տեղեկանալով, որ հայրը ցանկանում է այցելել համալսարան եւ հետաքրքրվել իր առաջադիմությամբ՝ ուսանողը հոր այցը ԵՊՀ խափանելու համար մարտի 19-ին զանգահարել է ոստիկանություն եւ նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել սուտ տեղեկություն։
Նույն նպատակով՝ հոր այցը մարտի 20-ին եւս խափանելու համար, ուսանողը մարտի 20-ին դրդել իր ծանոթուհուն զանգահարել ոստիկանություն եւ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ։ Վերջինս երկու անգամ՝ օրվա տարբեր ժամերին, զանգահարել է ոստիկանություն եւ Երեւանի պետական համալսարանում նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել կեղծ հաղորդում։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):




























