Զատկի ձուն սոխի կճեպով ներկելը ոչ միայն ճիշտ է ավանդույթի տեսակետից, այլ նաեւ անվտանգ է։ Այս մասին ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Ավելի ճիշտ է այն պատճառով, որ ավանդույթի համաձայն՝ ձվերը պետք է կարմիր լինեն, որպես Քրիստոսի արյան խորհրդանիշ։ Մենք դարեդար ձուն սոխի կճեպով ենք ներկել, որը բնական եւ բացարձակ անվտանգ ներկ է։ Ես ոչինչ չունեմ սննդային ներկանյութերի դեմ, բայց եթե դրանց հիմքում առանց թունաքիմիկատների բնական բաղադրիչներ են։ Մեզ մոտ նորաձեւ է դարձել ձուն ներկել բոլոր հնարավոր գույներով։ Եթե ինչ-որ մեկն անպայման ուզում է գունավոր ներկել, ապա անպայման բնական ներկերով։ Ավելի լավ է մի քիչ ավել վճարել, բայց առողջությունը վտանգի չենթարկել»,- հայտարարեց Չիլինգարյանը։