Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւի փաստաբանները կմիջնորդեն նրա գործը երդվյալների դատարանում քննելու համար։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները։ Պաշտպանող կողմը գտնում է, որ երդվյալների խորհուրդը չի հավատա խոստովանական ցուցմունքներին, որոնք նա տվել է հետաքննությանը։
Հետաքննությունն իր հերթին ենթադրյալ մարդասպանի դեմ նոր փաստեր է հավաքում։ Մասնավորապես, փորձագետները փորձում են պարզել նրա տանը գտած նռնակների ծագումը։ Բացի այդ, հնարավոր է, որ ենթադրյալ մարդասպանների դրդապատճառները ընդլայնվեն։ Վարձու մարդասպանության վարկածի հետ մեկտեղ գործում կարող է հայտնվել կրոնական, ազգային կամ սոցիալական հողի վրա կատարած սպանության վարկածը, որպեսզի երդվյալները կարողանան ընտրել առավել ընդունելի դրդապատճառը։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։ Սպանության կասկածանքով ձերբակալվել են Զաուր Դադաեւը, Թամերլան Էսկերխանովը, Անզոր եւ Շահիդ Գուբաշեւները եւ Համզաթ Բախաեւը։





























