Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերին մահացած՝ Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի հայրը դիմել է Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով պայմանական պատիժ կրող Նարեկ Միտոյանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:

«Գործով մեղադվողներից ոչ մեկը վճռաբեկ բողոք չի ներկայացրել, միայն տուժողի իավահաջորդն է դիմել, քանի որ համոզված է, որ իր որդուն սպանել են, ոչ թե ինքնասպանություն է գործել»,- ասաց փաստաբանը:

Նա հայտնեց, որ վճռաբեկ բողոքը դեռեւս վարույթ չի ընդունվել:

Նշենք, որ փետրվարի 16-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց գործով մեղադրվողների վերաբերյալ առաջին ատյանի որոշումը, որի համաձայն՝ 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է  7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել էին նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է, սակայն գողության մեջ իրեն են մեղադրում։