Ռուսաստանում բնակության իրավունք ստանալ ցանկացող ներգաղթյալների թեստերը կբարդացվեն։ Ենթադրաբար նոր քննությունը արտասահմանցիները պետք է հանձնեն 2015թ. հուլիսի 1-ից։ Ռուսաստանի պատմության եւ իրավունքի հիմունքների քննական առաջադրանքներում կհայտնվի 5 բաց հարց, որոնց պատասխանները միգրանտները պետք է լրացնեն ինքնուրույն։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը։
3 հարց նվիրված կլինի 9-20-րդ դարերի դեպքերին, եւս 2-ը կվերաբերեն Ռուսաստանի նորագույն պատմությանը։ Օրինակ՝ հնարավոր է միգրանտներին հարցնեն, թե որ պետությունն է միացել Ռուսաստանին 2014թ. մարտին։ Այս քննությանը հատկացված ժամանակը կերկարաձգվի մինչեւ 150 րոպե։
Ժամանակավոր կացության իրավունք ստանալ ցանկացողների բառապաշարում պետք է ընդգրկված լինի 1250 բառ։ Աշխատանքային միգրանտների համար այդ շեմը 950 բառն է։
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 1-ից Ռուսաստանում ապրել եւ աշխատել ցանկացող միգրանտները պարտավոր են քննություն հանձնել ռուսաց լեզվից եւ պատմության ու իրավունքի հիմունքներից։





























