Թուրքական «Բիլգի» համալսարանը հայտարարություն է տարածել, թե իբր իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե իրենք արգելել են 1915-ի հետ կապված կոնֆերանս իրականացնել համալսարանում։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ին ուղարկված հայտարարության մեջ «Բիլգի» համալսարանի ղեկավարությունը պնդել է, թե իրենց որեւէ դիմում չի եղել ապրիլի 26-ին ցեղասպանության հետ կապված կոնֆերանս իրականացնելու համար եւ հետեւաբար նման կոնֆերանս չի կարող տեղի ունենալ։

Կոնֆերանսի կազմակերպիչները պնդել են, որ «Բիլգի» համալսարանի ղեկավարությունը ստում է, քանի որ իրենք ամիսներ առաջ են դիմել կոնֆերանսի կազմակերպման համար եւ դրա մասին տեղեկություն է եղել նաեւ համալսարանի կայքում, որը ջնջվել է օրեր առաջ, երբ համալսարանից ստացել են հաղորդագրություն, որ կոնֆերանսը չի կարող տեղի ունենալ իրենց մոտ։