Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ստեղծված պետական հանձնաժողովի մասին տեղեկացված է Հայաստանի բնակչության 53 տոկոսը: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Gallup International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով 1500 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները:

Նրա խոսքով՝ հարցման մասնակիցների 47 տոկոսը նշել է, որ տեղյակ չէ այդ հանձնաժողովի մասին: Նկատենք, որ հարցումն անցկացվել է մարտի 2-14-ը:

«Հարցին՝ որքանո՞վ եք դուք տեղեկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին, հարցվածների 21 տոկոսը պատասխանել է, որ տեղեկացված չէ, 36 տոկոսը՝ ավելի շուտ տեղեկացված չէ: ՄԻայն 37 տոկոսն է նշել, որ ավելի շուտ տեղեկացված է, եւ միայն 5 տոկոսն է ասել, որ ամբողջությամբ տեղեկացված է: Այսինքն 42 տոկոսը պատասխանել է, որ տեղեկացված է այդ միջոցառումների մասին»,-ասել է Նավասարդյանը:

Հարցին՝ այցելելո՞ւ եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, դրական պատասխան է տվել հարցված երեւանցիների 78 տոկոսը եւ մարզերի բնակիչների 53 տոկոսը. Ընդհանուր առմամբ, հարցվածների 63 տոկոսը նշել է, որ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հարցին, թե բացի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց, այլ միջոցառումների մասնակցելո՞ւ եք, դրական է պատասխանել հայաստանցիների 14 տոկոսը, բացասական՝ 35 տոկոսը, իսկ 38 տոկոսը պատասխանել է, որ կցանկանար մասնակցել, բայց տեղեկացված չէ միջոցառումների ցանկին: