Մինսկում նորմանդական քառյակի բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է «վերցնել Դոնբասը»։ Այս մասին գրում է Forbes պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը այդ մասին պատմել է մարտի 19-ին Ռուս արդյունաբերողների եւ ձեռներեցների միության կառավարման բյուրոյի փակ նիստում։
«Նա ինձ ուղղակիորեն ասաց՝ վերցրե՛ք Դոնբասը։ Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես, ինչ է, Դոնբասն ինձ պետք չէ։ Եթե ձեզ պետք է, հայտարարեք նրա անկախության մասին»,- մեջբերում է Forbes-ը Պուտինի հայտարարությունը։
Ռուս նախագահի խոսքով՝ Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարող գնալ այդ քայլին։ Այդ դեպքում ուկրաինական իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը թոշակներ եւ նպաստներ վճարեն եւ վերականգնեն բանկային համակարգը, նշել է Պուտինը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը ոչ կարող է հաստատել եւ ոչ էլ հերքել Forbes-ի տեղեկությունները, քանի որ նիստը փակ է եղել, եւ զրույցը չի հրապարակվել։
Հիշեցնենք, որ նորմանդական քառյակի հանդիպումը կայացել է Մինսկում փետրվարի 12-ին։





























