Ավստրալիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումը կայանալու է ապրիլի 24-ին, Սիդնեյի քաղաքապետարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Միջոցառման հիմնական բանախոսն է լինելու փաստաբան, Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակ Ջեֆրի Ռոբերթսոնը: Ղահրամանյանի խոսքով, միջոցառմանը 2-3 հազար մարդ է մասնակցելու, այդ թվում՝ քաղաքական գործիչներ եւ դեսպաններ:

Բացի այդ, Ավստրալիայի հայերը մի շարք այլ միջոցառումներ են կազմակերպելու, այդ թվում՝ ֆիլմերի ցուցադրություն եւ պատմամշակութային ձեռնարկներ:

Ինչ վերաբերում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի օրը փոխելու՝ Թուրքիայի նախաձեռնությանը. Ղահրամանյանը կարծում է, որ այդ ջանքերը ձեռնարկվել են՝ ժխտողական քաղաքականությունը շարունակելու համար: Նա վստահ է, որ Ավստրալիայում շատերը, այդ թվում՝ խորհրդարանականներն են դա հասկանում: «Սակայն, ցավոք, Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակն օգտագործում է Ավստրալիայի կառավարության վրա ճնշում գործադրելու համար»,- կարծում է Վաչե Ղահրամանյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ Թուրքիան միշտ սպառնալիքի լեզու է օգտագործում: Նույնը եղավ նաեւ ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում բանաձեւի ընդունման ժամանակ: Այդ ժամանակ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանի անդամների սպառնացել էր արգելել մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի միջոցառումներին:

Ամեն դեպքում, Ղահրամանյանը հույս ունի, որ Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրավիճակը կարող է փոխվել: «Կարծում եմ՝ երբ Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներն ավարտվեն, Ավստրալիայի քաղաքական դաշտը լուրջ փոփոխությունների կենթարկվի, եւ կառավարությունն ու խորհրդարանը, ամեն դեպքում, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն»,- հայտարարեց նա: