Ադրբեջանը սեւեռվել է իբր իր ունեցած հնարավորություններով՝ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու վրա: Այս մասին, ռուսական «Միջազգային հարաբերություններ» պարբերականին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ ճիշտ չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որակել որպես «էթնիկ-կրոնական»:

«Թեեւ Ադրբեջանը շարունակում է հիմնախնդրին միջկրոնական բնույթ հաղորդելու վտանգավոր փորձերը: Ոչ ոք չի մոռացել, որ այս նպատակով դեռ հակամարտության սկզբնական շրջանում օգտագործվել են տխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապեր ունեցող վարձկաններ Աֆղանստանից եւ ոչ միայն:

2014թ., երբ լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը, ադրբեջանական կողմը շեշտակի ավելացրեց հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա եւ գնդակոծելով քաղաքացիական օբյեկտները։ Դա հանգեցրեց իրավիճակի կտրուկ սրմանը, հակամարտության բոլոր կողմերից աննախադեպ թվով զոհերի»,-ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակի շարունակվող սրման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հունվարին լուրջ մտահոգություն հայտնեցին Ադրբեջանին` իր ու Արցախի միջեւ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին դիվերսիոն գործողությունների կապակցությամբ: Նրանք Բաքվին կոչ արեցին՝ հավատարիմ մնալ հիմնախնդրի խաղաղ կարգավորման իր պարտավորություններին:

«Համանախագահները հանդես են եկել եւ շարունակում են հանդես գալ հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջադեպերի եւ հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմի ստեղծման, դիպուկահարների դուրս բերման, վստահության այլ միջոցների վերաբերյալ հստակ առաջարկներով: Բայց Ադրբեջանը այդ առաջարկների, միջազգային հանրության մանդատ ունեցող միջնորդների նախաձեռնությունների հանդեպ լիակատար արհամարհանք է դրսեւորում:

Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին եւ անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:

Ադրբեջանական կողմը բանակցությունների պատրանք ստեղծելու նպատակով փորձում է սեփական պատկերացումները ներկայացնել իբրեւ համանախագահների առաջարկություններ, խեղաթյուրում է հիմնահարցի եւ բանակցային գործընթացի էությունը եւ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին վարկաբեկելու արշավ է իրականացնում: Ս.թ. հունվարի 27-ին համանախագահները հարկադրված էին հիշեցնել Բաքվին իրենց մանդատի մասին եւ մտահոգություն հայտնել բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերակատարության եւ ԵԱՀԿ դիտորդների պարտավորությունների հանդեպ շարունակաբար հնչող քննադատության կապակցությամբ»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նալբանդյանը նկատել է, որ Ադրբեջանը սեւեռվել է իբր իր ունեցած հնարավորություններով՝ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու վրա: «Այստեղից էլ սերում են համապատասխան փորձերը՝ կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեությունը, տեղափոխել հիմնախնդրի կարգավորումը այլ միջազգային հարթակներ, հիմնահարցին տարածքային խնդրի բնույթ հաղորդել կամ շահարկել կրոնական գործոնը: Այս ամենը քողարկվում է սադրիչ գործողությունների ակտիվացմամբ՝ ինչպես Արցախի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին:

Հայաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, այսուհետ եւս կշարունակի ջանքեր գործադրել` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Բանակցային կարգավորմանը այլըտրանք չկա»,-ասել է նա: