Ուկրաինայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Forbes-ի ռուսալեզու հրատարակության հոդվածը, որում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է նրան «վերցնել Դոնբասը»։

Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Եվգենի Պերեբիյնիսը Twitter-ում գրել է, որ «Հեռացեք Դոնբասից» արտահայտությունը (ուկրաիներեն «Զաբիրայտեսյա զ Դոնբասու») չի նշանակում վերցրեք Դոնբասը եւ նույնիսկ ընդհակառակը։

Հիշեցնենք, որ Forbes պարբերականը ավելի վաղ գրել էր, որ Մինսկում նորմանդական քառյակի բանակցությունների ժամանակ Ուկրաինայի  նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է «վերցնել Դոնբասը»։

 «Նա ինձ ուղղակիորեն ասաց՝ վերցրե՛ք Դոնբասը։ Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես, ինչ է, Դոնբասն ինձ պետք չէ։ Եթե ձեզ պետք է, հայտարարեք նրա անկախության մասին»,- մեջբերում է Forbes-ը Պուտինի հայտարարությունը։