Հայաստանում հարցվածների 86 տոկոսը վստահ է Հայաստանի բանակի մարտունակության վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Gallup International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները Հայաստանի ու ԼՂՀ-ի սահմաններին, 38 տոկոսը պատասխանել է, որ Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից:

«27 տոկոսը հայտարարել է, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը, որպեսզի շեղի իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից: 22 տոկոսը կարծում է, որ Ադրբեջանը, գիտակցելով բանակցային գործընթացում իր ձախողումը, փորձում է պատերազմ հրահրել: 15 տոկոսը համարում է, որ ներկա իրավիճակը թելադրված է դրսի ուժերի կողմից, 14 տոկոսը կարծում է, որ այս իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի՝ Ռուսաստանի եւ այլ երկրներից զենք գնելու հանգամանքով»,-ասել է Նավասարդյանը՝ հավելելով, որ եւս երեք տոկոսը դա կապում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Հարցին, թե որքանո՞վ եք վստահ, որ Հայաստանի Զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակն այսուհետ եւս կկարողանան արժանի հակահարված տալ հակառակորդին, հարցվածների 52 տոկոսը հայտարարել է, որ ամբողջությամբ վստահ է դրանում, եւս 34 տոկոսը նշել է, որ ավելի շուտ վստահ է: