Արգիճի գետի վրա ՀԷԿ կառուցելու ծրագիրը կոնֆլիկտ է առաջացրել ոչ միայն կառուցապատողների եւ տեղի բնակիչների միջեւ, այլ կառուցապատող 2 ընկերությունների միջեւ՝ «Հիդրո կորպորացիա» եւ «Զանգեզուր ԷՔՍԻՊ»։ Այս 2 ընկերություններն էլ թույլտվություն ունեն ՀԷԿ կառուցելու, սակայն «Հիդրո կորպորացիա»-ի նախագծով ՀԷԿ կառուցելուց հետո Արգիճին պետք է շարունակի իր հոսքը դեպի Սեւան, իսկ «Զանգեզուր ԷՔՍԻՊ»-ը մտադիր է հունը փոխել՝ ջուրն ուղղելով դեպի Վայոց Ձորի Աղնջաձոր համայնք։ Ակնհայտ է, որ այս 2 նախագծերը խանգարում են միմյանց եւ միաժամանակ չեն կարող կյանքի կոչվել։
Հատկանշական է, որ «Հիդրո կորպորացիան» բնապահպանության նախարարությունից դրական եզրակացություն է ստացել շինարարական աշխատանքներ կատարելու համար, սակայն դեռեւս այն չի սկսել, այնինչ «Զանգեզուր ԷՔՍԻՊ»-ին թույլ են տվել միայն խողովակաշար կառուցել՝ Արգիճիի վտակ Գայլաձորի ջրերը դեպի Աղնջաձոր հասցնելու համար, իսկ ընկերությունը սկսել է հունը փոխել։ Բոլոր դեպքերում՝ նախարարության 2 որոշումները հակասում են միմյանց։ Եթե «Զանգեզուր ԷՔՍԻՊ»-ը իր ծրագիրն իրագործի, ապա Արգիճին բավականաչափ ջուր չի ունենա մյուս ՀԷԿ-ի տուրբինները պտտեցնելու համար։
Հնարավոր է՝ առկա է նաեւ հասարակության մոլորեցում։ Բանն այն է, որ «Զանգեզուր Էքսիպը» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից միայն 1 ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն ունի։ Այն կրում է «ԴԵԶՊԱՆԱՆԴ» անունը եւ գտնվում է Վայոց Ձորում։ Այստեղից կարելի է ենթադրել, որ «Զանգեզուր ԷՔՍԻՊ»-ը Արգիճիի ջրերով ՀԷԿ-ը կառուցելու է ոչ թե Գեղարքունիքի մարզում, այլ Վայոց Ձորի մարզում, ընդ որում՝ միանգամայն օրինական հիմունքներով։ Իսկ բնապահպանության նախարարության այն հավաստիացումները, թե ջրառն իրականացվելու է 87 լ/վրկ ծավալով, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ ծավալի դեպքում տուրբիններ հնարավոր չէ աշխատեցնել բավականաչափ հզորությամբ էլեկտրաէներգիա ստանալու համար։
Նշենք, որ բնապահպանության նախարարի հրամանով կասեցվել են «Զանգեզուր ԷՔՍԻՊ»-ի կողմից կատարվող շինարարական աշխատանքները, բայց այդ հրամանն ի հայտ եկավ միայն այն բանից հետո, երբ գետի հարեւանությամբ գտնվող 5 համայնքների բնակիչները բողոքի հուժկու ալիք բարձրացրին։ Եթե «Զանգեզուր ԷՔՍԻՊ»-ը կարողանար շարունակել եւ ավարտին հասցնել գետի հունի փոփոխման եւ ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, ապա մոտ 6 հազ. հա հողատարածք ոռոգման լուրջ խնդիր կունենար։ «Հիդրո կորպորացիայի» նախագիծը նույնպես բնապահպանական ռիսկեր է պարունակում, քանի որ Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակները ձվադրման համար բարձրանում են լիճ թափվող գետերի վերին հոսանքները, հետեւաբար՝ նրանց վերարտադրությանը վտանգ է սպառնում։ Չմոռանանք, որ Արգիճին Սեւանը սնուցող 28 գետերից ամենախոշորն է։
Սամվել Ավագյան




























