Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Վիետնամը Եվրասիական տնտեսական միության ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի նախագծում լուրջ նախապատվություններ կստանա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ նախագծի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, խորհրդատվությունների ընթացքում հաջողվել է լուծել գրեթե բոլոր բովանդակային հարցերը։
«Վիետնամցի մեր ընկերների համար լուրջ նախապատվություններ են նախատեսված։ Առավելագույնս հաշվի ենք առել վիետնամական արտահանման հիմնական ապրանքները շուկա հանելու մեր գործընկերների ցանկությունները։ Այդ ապրանքներն են ծովամթերքը, թեթեւ արդյունաբերության եւ մի շարք այլ արտադրանքները»,- ասել է Մեդվեդեւը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիետնամը ԵՏՄ ազատ առեւտրի գոտուն կմիանա 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում։





























