Լեհ մասնագետները կոդազերծել են 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ կործանված նախագահական Տու-154 Մ ինքնաթիռի օդաչուների խցիկի ձայնագրությունների նոր դրվագները, որոնք հաստատում են, որ վթարի պահին Լեհաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը ճնշում է գործադրել անձնակազմի վրա։ Այս մասին հայտնում է լեհական RMF FM ռադիոկայանը։
Մասնավորապես նոր տվյալները հաստատում են, որ օդաչուների խցիկում վթարի պահին եղել է Լեհաստանի ՌՕՈՒ ղեկավար գեներալ Անջեյ Բլասիկը, որը, ենթադրաբար, ճնշում է գործադրել անձնակազմի վրա, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։
Լեհ մասնագետները կարծում են, որ Բլասիկը արտասանել է հետեւալ բառերը. «Դա փաստ է, մենք դա պետք է անենք մինչեւ վերջ։ Ավելի ուշ 30 մ բարձրության վրա նա ասել է. «Կտեղավորվես, համարձա՛կ»։ Բացի այդ, օդաչուն կործանումից 15 րոպե առաջ առաջարկել է անցնել «Մինսկ կամ Վիտսբեկ» պահեստային օդանավակայան եւ դիմելով 3-րդ անձին՝ ասել է. «Մենք կվերադառնանք»։
2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահական Տու-154 Մ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել էին օդանավում գտնվող բոլոր 96 ուղեւորները, այդ թվում՝ հանրապետության նախագահ Լեհ Կաչինսկին։ Վթարի հետաքննությունը շարունակվում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Լեհաստանի դատախազություններում։





























