Թող «Գազպրոմն» ինքն անհանգստանա, թե ինչ եկամուտներ կունենա Հայաստանում։ Այս մասին ապրիլի 7-ին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը գազի գնագոյացման ժամանակավոր հանձնաժողովի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ բանն այն է, որ Հայաստանում գազի սպառման էլաստիկությունը արդեն վաղուց 1-ից բարձր է։ Այլ խոսքով ասած՝ սակագնի բարձրացման դեպքում գազի սպառումը արագ տեմպերով կնվազի։ «Այդ դեպքում ինչպե՞ս կարգավորել գինը։ Պետք է «Գազպրոմին» ասել. Սա դու, սա էլ Հայաստանում քո դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիան», սա էլ բնակչությունը։ Որոշե՛ք, վաճառում եք թանկ գազ սպառման փոքր ծավալներով, թե էժան գազ՝ մեծ սպառումով։ Ոնց կարող եք, այնպես էլ աշխատեք։ Այդ դեպքում նրանք իրենք շահագրգռված կլինեն, որ սակագինը հնարավորինս էժան լինի։ Մեր պաշտոնյաներն ի՞նչ ունեն անհանգստանալու»,- ասաց Բագրատյանը։




























